Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ԼՂՀ վարչապետը մասնակցել է «Meeting di Rimini» ամենամյա համաժողովին

28.08.2013

2013թ. օգոստոսի 18-24-ին Իտալիայի Ռիմինի քաղաքում տեղի է ունեցել ամենամյա ոչ պաշտոնական` քաղաքական, տնտեսական և մշակութային «Meeting di Rimini» 34-րդ համաժողովը, որին մասնակցել են Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան, այդ երկրի խորհրդարանի և կառավարության անդամներ, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ԵՄ երկրների մի շարք նախարարներ, քաղաքացիական հասարակության, մշակույթի ոլորտի և ակադեմիական շրջանակների հեղինակավոր ներկայացուցիչներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ:

Համաժողովի ծրագրում ընդգրկված միջոցառումների թվում էր նաև Հայաստանի պատմությանն ու հայ ժողովրդի ինքնությանը նվիրված «Հայաստանը` քրիստոնեության օրրան» խորագիրը կրող համաժողովը, որին, որպես պատվավոր հյուր, մասնակցել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: 

Այցի ընթացքում ԼՂՀ կառավարության ղեկավարը մի շարք հանդիպումներ է ունեցել իտալահայ համայնքի, գործարար շրջանակների ներկայացուցիչների, իտալացի քաղաքական-հասարակական գործիչների հետ:     

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Skira» հրատարակչության կողմից տպագրված անվանի ֆոտոլրագրող Գրացիելլա Վիգոյի «Armenia» լուսանկարչական ալբոմի ներկայացումը, ինչպես նաև բացվել Հայաստանին, Արցախին և Վենետիկի Սուրբ Ղազար կղզուն նվիրված` նույն հեղինակի լուսանկարների ցուցահանդես: