Տեղեկատվական կենտրոն
Պաշտոնական լրահոս
Խորհրդակցություններ ԼՂՀ կառավարությունում
05.09.2013

Սեպտեմբերի 3-ին ԼՂՀ կառավարությունում տեղի է ունեցել պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման հարցերին նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որն անց են կացրել ԼՂՀ և ՀՀ վարչապետներ Արա Հարությունյանը և Տիգրան Սարգսյանը:
Խորհրդակցությանը քննարկվել են խնդրո առարկա հարցի արդյունավետ կիրառման մեխանիզմները: ԼՂՀ վարչապետի որոշմամբ ստեղծված` կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող հանձնաժողովի նախագահ, ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է աշխատանքային ծրագրում նշված գործառույթների կատարման մասին տեղեկություններ:
Խորհրդակցությանը ՀՀ կառավարության ղեկավարի կողմից հայաստանյան համապատասխան կառույցների պատասխանատուներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ` ԼՂՀ գործընկերներին խորհրդատվական օգնություն ցուցաբերելու նպատակով:
***
Երկու հայկական հանրապետությունների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ նույն օրը տեղի ունեցած մեկ այլ խորհրդակցություն վերաբերում էր Արցախի գյուղատնտեսության բնագավառում առկա զարգացումներին և ոլորտի առաջընթացն ապահովելուն ուղղված առաջիկա ծրագրերին:
ԼՂՀ գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանն իր զեկույցում ներկայացրել է հանրապետության գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարիներին կատարված աշխատանքները` նշելով պետության կողմից իրականացված քաղաքականության հիմնական ուղղությունները և ոլորտի զարգացմանը նպաստող համալիր միջոցառումները:
Իր հերթին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է հայաստանյան և արցախյան գործընկեր նախարարությունների ավանդական սերտ փոխգործակցության հետևանքով ձևավորված արդյունավետ աշխատանքային հարաբերությունները, առանձնապես կարևորելով ներկայումս համատեղ մշակվող պարենային անվտանգության հայեցակարգը:
***
Խորհրդակցությունների ավարտին ԼՂՀ և ՀՀ վարչապետների ներկայությամբ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր` նվիրված երկու հայկական հանրապետությունների գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի և բյուջետային բնագավառներում համագործակցության ընդլայնմանը: