Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հարավային զբոսաշրջային երթուղին և Հադրութի զարգացման առաջնահերթությունները

18.08.2019

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 17-ին աշխատանքային այցով Հադրութի շրջանում էր: Տողում Գ.Մարտիրոսյանը հետևել է մայրուղուց դեպի գյուղ տանող 2կմ–ոց ճանապարհահատվածի կապիտալ շինարարության ընթացքին, որը լրացուցիչ խթանելու է հարավային զբոսաշրջային ուղղության զարգացմանը: Տողի մելիքական ապարանքում պետնախարարին է ներկայացվել այցելուների վիճակագրությունը. 2019-ին շուրջ 3000 մարդ հաղորդակցվել է մեր պատմության փառահեղ էջերից մեկի հետ: Բարեգործական միջոցներով վերականգնվում է 17-18-րդ դարերով թվագրված ՍԲ Հովհաննես եկեղեցին: Գրիգորի Մարտիրոսյանին իրականացվող աշխատանքների մասին պատմել են վերականգնող մասնագետները:
Այնուհետև պետնախարարը գնահատել է նաև գյուղի կենտրոնական հատվածում իրականացվող շինարարության ընթացքը, պատասխանատուներին հանձնարարել հին ու կիսաքանդ շինությունները փոխարինել ընդարձակ, համապատասխան կահավորումներով հրապարակով: Պետական միջոցներով իրականացվող ծրագրին այս տարի կավելանան նաև մանկապարտեզի ջեռուցման և բակի բարեկարգման աշխատանքները: Տողը սեպտեմբերի 21-ին կհյուրընկալի արցախյան գինու փառատոնը: Պետնախարարը տեղում հետաքրքրվել է նախապատրաստական աշխատանքներով, Կատարո գինու գործարանում և խաղողի այգիներում ծանոթացել արցախյան գինին միջազգային շուկայում ճանաչելի դարձնող ընկերության զարգացման ծրագրերին:
Քաղաքաշինության բնագավառում Հադրութի շրջանում լուծվում է ևս մեկ կարևոր խնդիր. Ավարտվում են Հադրութի շրջանային բուժմիավորման ծննդատան վերակառուցման աշխատանքները: Առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի խոսքով՝ նոր ծննդատան շինարարության հովանավորը եգիպտահայ բարերար է, սարքավորումների հարցը կլուծվի պետական միջոցներով: Գ.Մարտիրոսյանը կարևորել է առողջապահության բնագավառում պետական-մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը, ինչի արդյունքում տարեցտարի բարելավվել են հանրապետության շրջանների առողջապահական հիմնարկների շենքային պայմաններն ու տեխնիկական հագեցվածությունը:
Շրջանի զարգացման ծրագրերի ու տեղերում իրականացվող աշխատանքների արդյունավետությունն ավելի բարձրացնելու հրամայականով էր վարչակազմում հրավիրված խորհրդակցությունը: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավարն ու աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: Պետական նախարարը վստահեցրել է՝ բնական աղետներից տուժած հողօգտագործողներին տրվելու է աջակցություն, առաջիկայում կարգավորվելու են նաև ջրամատակարարման խնդիրները:
Հադրութ կատարած աշխատանքային այցը եզրափակվել է շրջանի հինավուրց և զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող Վանք և Տյաք գյուղերում, որտեղ ամբողջությամբ բացահայտված չեն էթնոտուրիզմի և մշակութային տուրիզմի հնարավորությունները:

 

← Վերադառնալ ցուցակին