Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

ՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կիրականացվեն 110 մլրդ դրամի ծրագրեր. կայացել է ԱՀ և ՀՀ ԱԽ համատեղ նիստ

26.03.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 26-ին Երևանում կայացել է ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ մարտի 25-ին կայացած համատեղ խորհրդակցության արդյունքում ընդունված՝ Արցախում բնակարանաշինության և ենթակառուցվածքների վերականգնման համար 110 մլրդ ՀՀ դրամ հատկացնելու մասին որոշումը առանցքային նշանակություն է ունենալու Արցախի հումանիտար խնդիրների կարգավորման ու հետագա զարգացման գործում:
«Մոտ 4 հազար տուն կառուցելու նախնական նախագծեր, որոշակի աշխատանքներ, պլանավորում արդեն կատարված է, և առաջիկա ամիսների ընթացքում ևս 2 հազար տուն կառուցելու նախագծեր կմշակենք: Այդ նախագծերում միշտ հաշվի ենք առնում այսօրվա իրականությունը, զուգահեռ պլանավորում հողահատկացման, բնակիչների հետագա զբաղվածության ապահովման աշխատանքները, քննարկում ենք նաև կոոպերացիայի ժամանակակից մոդելներ»,- ասել է Հանրապետության նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ համահայկական ջանքերով կիրականացվեն օրակարգային առաջնահերթության բոլոր հարցերը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Արցախին տրամադրվող 110 միլիարդ դրամի ծրագիրը կիրականացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով:
«Այս պահին հիմնադրամի հաշիվներում կա վերջին դրամահավաքի արդյունքներով գոյացած շուրջ 58 միլիարդ դրամ, և ՀՀ կառավարությունը կտրամադրի ևս 52 միլիարդ դրամ: Եվս մի քանի որոշումներ ենք կայացրել, որոնցով ըստ էության ոչ միայն պետք է իրագործենք 2020 թվականի նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «ճանապարհային քարտեզի» դրույթը Արցախի բնականոն կյանքի վերականգնման վերաբերյալ, այլև պետք է զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում, որպեսզի ունենանք սոցիալ-տնտեսական զարգացման բավարար տեմպեր»,- ասել է վարչապետ Փաշինյանը և ավելացրել, որ Անվտանգության խորհուրդների կազմերով այսօր քննարկվելու են անվտանգային միջավայրին առնչվող ռազմավարական համատեղ մոտեցումների վերաբերյալ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին