Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Հումանիտարից՝ զարգացման ծրագրեր. պետական նախարարը մասնակցել է ՀԲԸՄ-ի՝ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի շնորհանդեսին

08.06.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի գլխավորությամբ ԱՀ գործադիր իշխանության մի խումբ ներկայացուցիչներ հունիսի 8-ին մասնակցել են Հայկական բարեգործական ընդհանուր միության(ՀԲԸՄ) և ԱՀ կառավարության համագործակցությամբ՝ մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացված հետազոտության հիման վրա մշակված՝ Արցախի մի խումբ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի շնորհանդեսին:
«Ողջունելի է, որ հետազոտության արդյունքների հիման վրա աշխատանքային թիմը ներկայացրել է գործնական առաջարկներ ընտրված համայնքների խմբերի համակողմանի զարգացման ուղղությամբ: Ինչպես և հայտարարել ենք բազմիցս, հետպատերազմյան շրջանում ԱՀ կառավարության համար սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից ռազմավարական նպատակ է ծրագրերի սահուն անցումը հումանիտար փուլից դեպի զարգացման փուլ»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:
Արտակ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությանն ու հետազոտական աշխատանքն իրականացրած կազմակերպությանը՝ մեծածավալ ու համընդգրկուն հետազոտության ու ծրագրի համար:
Իր հերթին Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը գոհունակություն է հայտնել ԱՀ կառավարության հետ իրականացրած արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ հետպատերազմյան շրջանում ՀԲԸՄ-ը նույնպես մեծածավալ մարդասիրական ծրագրեր է իրականացրել, սակայն արդեն ժամանակն է իսկապես անցնել զարգացման ծրագրերին՝ ապահովելու մարդկանց զբաղվածությունն ու կայուն եկամուտը:
Ծրագրի շնորհանդեսի ավարտին տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում՝ ԱՀ գործադիր մարմինների ներկայացուցիչների, շրջվարչակազմերի ղեկավարների և մի խումբ առաջատար մասնագետների մասնակցությամբ: Արտակ Բեգլարյանը վստահություն է հայտնել, որ քննարկումների արդյունքում հնչած դիտարկումներն օգնելու են ավելի գործնական ու արդյունավետ դարձնել մշակվող ծրագրերը:
 

← Վերադառնալ ցուցակին