Տեղեկատվական կենտրոն

Պաշտոնական լրահոս

Արտակ Բեգլարյանը Դահրավում մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրի բնակարանամուտի արարողությանը

01.08.2022

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 30-ին Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրի բնակարանամուտի արարողությանը, որի շրջանակներում տեղահանված 6 ընտանիք ստացել է նորակառույց բնակարանների բանալիները:
Պետական նախարարը շնորհավորել է տանտերերին և ծրագրի նախաձեռնող խմբին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն ու «Ապրելու Արցախ» հիմնադրամին, բոլոր նվիրատուներին ու աջակիցներին՝ Արցախի ժողովրդի կողքին հաստատուն կանգնելու առաքելության շրջանակներում ցուցաբերված նյութական ու բարոյական աջակցության համար:
«Բնակարանային կարիքները արցախցիների հումանիտար խնդիրների շարքում բավականին սուր են արտահայտված, և այսօր շատ սպասված էր ևս 6 ընտանիքի ամուր ծածկով ապահովելու իրողությունը: Համոզված եմ, որ այս նորակառույց բնակարանների կողքին բարձրանալու են նորերը, և «100 տուն Արցախում» ծրագիրը ամրացնելու է հայկական Արցախի ներկան ու երկարաժամկետ ապագան: Այս ծրագիրը գործնական ու խորհրդանշական միջոց է Արցախի ապագային միտված հայության ջանքերի համատեղման համար, և կառավարությունը պատրաստ է շարունակել կանգնել նման նախաձեռնությունների կողքին»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:
Արտակ Բեգլարյանը եղել է շահագործման հանձնված բնակարաններում, անձնապես շնորհավորել բոլոր ընտանիքներին, հետաքրքրվել նրանց սոցիալ-տնտեսական խնդիրներով:
Նշված 6 տները կառուցվել են ԱՀ կառավարության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ, որոնցից յուրաքանչյուրի նվիրատուներն են եղել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Երևանի քաղաքապետարանը, Երևանի պետական համալսարանը, «Երեմյան պրոջեքթս», «Արմսվիսբանկ» և «Դիջիթեյն» ընկերությունները, որոնք և այլ նվիրատուներ մասնակցություն են ունեցել նաև տների բակերում անասնագոմերի կառուցմանը և ընտանիքներին անասնագլխաքանակի հատկացմանը:

← Վերադառնալ ցուցակին