Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

Վահրամ Սերգեյի Ղահրամանյան

Վահրամ
Սերգեյի
Ղահրամանյան

ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահ


Նյութական վնասների հարցերի կոմիտե

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ
ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտեն (այսուհետ` կոմիտե) հանրապետական գործադիր մարմին է, որը մշակում և իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած նյութական վնասների հաշվառման, գնահատման, աջակցության և (կամ) փոխհատուցման տրամադրման բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Կոմիտեն գործում է Արցախի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Կոմիտեի անվանումն է՝
1) հայերեն` Արցախի Հանրապետության նյութական վնասների հարցերի կոմիտե.
2) ռուսերեն` Комитет по вопросам материального ущерба Республики Арцах.
3) անգլերեն` Committee on material damages of the Artsakh Republic:
5.Կոմիտեն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կլոր կնիք և ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6.Կոմիտեի համակարգը կազմված է կոմիտեի նախագահից, կոմիտեի նախագահի տեղակալներից, կոմիտեի նախագահի խորհրդականից, կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարից, կոմիտեի նախագահի օգնականից և կոմիտեի աշխատակազմից:
7.Կոմիտեին Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
8.Կոմիտեի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
9. Կոմիտեի գտնվելու վայրն է` քաղաք Ստեփանակերտ, Ս. Դավթի 15: