Կառավարություն

Պետական կառավարման այլ մարմիններ

Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

I. Ընդհանուր դրույթներ

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում է և նրա գործունեությունը դադարեցվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Ծառայության լիազորությունները սահմանվում են <<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին>>, <<Քաղաքացիական պաշտպանության մասին>> և <<Հրդեհային անվտանգության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Ծառայությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Վարչությունում պետական ծառայությունը հատուկ ծառայություն է: Ծառայության ռազմականացված ստորաբաժանումները համալրվում են համաձայն <<Զինապարտության մասին>> և <<Զինվորական ծառայություն անցնելու մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների: Ծառայությունում կարող են լինել քաղաքացիական ծառայողներ:
6. Ծառայությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով ու վարչության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
7. Ծառայությունը կազմված է ծառայության պետից, ծառայության գործունեությունն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումներից:
8. Ծառայության նպատակներն ու խնդիրներն են`
ա) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացումը.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում նորմատիվային կարգավորման գործառույթների իրականացումը.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հակահրդեհային ծառայության մատուցումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հրդեհային հսկողության իրականացումը.
դ) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.
ե) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների գործունեության համակարգումն ու վերահսկումը.
զ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման ու որոշումների մշակման աշխատանքների իրականացումը.
է) իր իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.
ը) արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը.
թ) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների) սոցիալական ապահովության և իրավական պաշտպանության իրականացումը: 

Կայք`
http://www.rs-nkr.am/