Պետական նախարար
Ելույթներ և ուղերձներ
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ
02.09.2020

«Սիրելի՜ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Արցախի նորագույն պատմության նշանակալի իրադարձության՝ Հանրապետության օրվա կապակցությամբ:
«Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության հռչակման մասին» հռչակագրի ընդունմամբ շարունակվեց ու ամրապնդվեց անկախ պետականություն ունենալու ուղին, իրացվեց այդ իրավունքը, պաշտպանվեց ու մեկնարկեց զարգացման ու առաջընթացի բարդ ու պատասխանատու շրջանը: Եվ այսօր համայն հայությունը առանձնահատուկ ոգևորությամբ տոնում է նշանակալի իրադարձության 29-ամյակը, որպես համազգային տոն, ուր խտացված են մեր նվիրական երազանքներն ու ամուր, միասնական հայրենիք ունենալու նպատակները: Եվ որքան դժվար էր ազատության և պետականաշինության համար հաղթահարված ճանապարհը, նույնքան պատվաբեր, քանզի համազգային համախմբումն խիստ ընդգծված էր այս ու հետագա բոլոր ձեռնարկումներում:
Պատմական իրադարձության հերթական տարեդարձը ուզում եմ ընդգծել հարգանքի տուրքով՝ բոլոր նվիրյալների հիշատակին, երախտիքի խոսքով՝ անկախությունը կերտողներին, ովքեր պահպանել ու խնամքով փոխանցել են սերունդներին, և վստահության ու հպարտության զգացումով բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ամենօրյա աշխատանքով, ծառայությամբ ու հայրենիքի հանդեպ սիրո ու հոգատարության շնորհիվ զորացնում են ազատ ու անկախ Արցախը:
Կրկին շնորհավորում եմ Հանրապետության օրը:
Խաղաղություն ու բարօրություն հայրենի եզերքին»։