Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի ուղերձը Սումգայիթյան ոճրագործությունների առթիվ

28.02.2022

Սիրելի՛ հայրենակիցներ,


Արդեն 34 տարի է, մեզ ուղեկցում են Սումգայիթ քաղաքում հայ բնակիչների դեմ իրականացված վայրագությունների մասին ցավալի հիշողություններն ու ծանր հետևանքները: Ադրբեջանի իշխանությունների կողմից ծրագրված ու իրականացված ադրբեջանահայության ցեղասպանությունը Սումգայիթից հետո շարունակություն գտավ Բաքվում և Ադրբեջանի հայաշատ այլ բնակավայրերում: Այդ ոճրագործությունից հրաշքով փրկված մեր հայրենակիցները առայսօր կրում են ծանր բարոյա-հոգեբանական, առողջական և դրանցից ածանցվող նյութական բազմաթիվ խնդիրներ: Ոմանք իրենց տունն են գտել Արցախում, ոմանք տարերայնորեն ցրվել աշխարհով մեկ:


Այդ ոճրագործությունների շարունակական անպատժելիությունը դարձավ խրախուսանք հետագա նորանոր վայրագությունների համար, որոնց ականատես եղանք նաև 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հայրենազրկման ու մարդկության դեմ հանցագործության տեսքով:


Խստորեն դատապարտում ենք սումգայիթյան ոճրագործությունը և ադրբեջանական հայատյաց քաղաքականությունը, որն առայսօր և ավելի լայն թափով շարունակվում է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ միջազգային լուռ համաձայնության պայմաններում:


Խոնարհվում ենք անմեղ զոհերի հիշատակի առջև և հայտնում մեր վճռականությունը շարունակելու մեր արդար պայքարը:

← Վերադառնալ ցուցակին