Պետական նախարար

Ելույթներ և ուղերձներ

Արտակ Բեգլարյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

01.06.2022

Սիրելի՜ երեխաներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ այս գունառատ ու կարևորագույն տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Հիրավի, ձեր իրավունքների պատշաճ պաշտպանությունը նշանակում է բարոյական ու կամային ընդգծված հատկանիշներով, մտավոր ու ֆիզիկական հրաշալի պատրաստվածությամբ սերնդի երաշխավորման պատասխանատվության ստանձնում: Ձեր առողջության, կրթության ու դաստիարակության ապահովման պարտականությունը նվիրվածությամբ ու առանձնահատուկ հոգածությամբ է իրականացվում պետության կողմից՝ միևնույն ժամանակ ձգտելով լուծել առկա հիմնախնդիրներն այդ ճանապարհին: Դուք մեր շարունակությունն եք, մեր ապագան, մեր ներկա ուրախությունն ու դժվարությունները հաղթահարելու միջոցն եք, ոգևորության անսպառ աղբյուրը:
Այսօր խորը կսկիծով ու չդադարող ցավով խոնարհվում ենք մեր այն երեխաների հիշատակի առջև, ովքեր սպանվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի պատճառով, ինչպես նաև հատուկ ուշադրության ներքո ենք պահում այն երեխաներին, ովքեր տեղահանվել են ու զրկվել իրենց հայրենի օջախներից, ոմանք՝ ծնողից, ոմանք կորցրել են առողջությունը: Մենք պարտավոր ենք հիշել ու բարձրաձայնել այս մեծագույն հանցագործության մասին, ինչպես նաև միշտ կանգնել այդ բոլոր խոցելի երեխաների կողքին:
Մեր երեխաները պետք է մեծանան խաղաղ ու առողջ միջավայրում՝ օժտված ծնողին, հայրենիքը սիրելու շնորհով, անդավաճան սկզբունքներով և ապահովված լինեն ընտանեկան ներդաշնակ միջավայրը վայելելու հնարավորությամբ:
Մեր աղոթքները այն ընտանիքներում են, որտեղ հույսն ու հուսահատությունը պայքարում են միմյանց դեմ: Թո՛ղ հրաշք լինի, ու կատարվեն ձեր ամենաբարի, մաքրամաքուր ցանկությունները:
Թո՛ղ առողջություն, բերկրանք ու խաղաղություն տիրի ձեր հոգիներում ու ընտանիքներում:

← Վերադառնալ ցուցակին