Պետական նախարար
Աշխատակազմի կանոնադրություն
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության պետական նախարարը (այսուհետ՝ պետական նախարար) մշակում և իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարության տարածքային կառավարման քաղաքականությունը, ինչպես նաև համակարգում է Արցախի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված նախարարների գործունեությունը:
2. Պետական նախարարը գործում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ ու սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Պետական նախարարն իր իրավասության սահմաններում պատասխանատու է իր առջև դրված խնդիրների և գործառույթների կատարման համար:
3. Պետական նախարարի աշխատակազմը (այսուհետ՝ նաև աշխատակազմ) իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
4. Աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշներ և անհատականացման այլ միջոցներ:
5. Աշխատակազմը պետական կառավարչական հիմնարկ է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից:
6. Աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
8. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:
9. Աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Աշխատակազմի կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Արցախի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
10. Աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Արցախի Հանրապետությունը:
11. Աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, N 1, կառավարության շենք:
12. Պետական մարմնի անվանումն է`
հայերեն լրիվ անվանումը` Արցախի Հանրապետության պետական նախարար,
ռուսերեն լրիվ անվանումը` Гօсударственный министр Республики Арцах,
անգլերեն լրիվ անվանումը` State minister of the Republic of Artsakh:
2. ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
13. Պետական նախարարը՝
1) համակարգում է Հանրապետության Նախագահի կողմից սահմանված նախարարների գործունեությունը.
2) ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահի տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի մշակման աշխատանքները.
3) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սեփականությունը և ֆինանսական միջոցները կառավարելու Արցախի Հանրապետության Նախագահի կողմից վերապահված գործառույթները.
4) Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ վարում է կառավարության նիստերը.
5) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի գնահատման և վերլուծության, հեռանկարային զարգացման ապահովման համար.
6) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հանրապետության նախագահին և կառավարություն.
7) լսում և կառավարության հաստատմանն է ներկայացնում իր համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.
8) իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:
3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
14. Աշխատակազմի հիմնական խնդիրներն են`
1) Արցախի Հանրապետության պետական նախարարին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցության, նախարարի բնականոն գործունեության ապահովումը.
2) օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և նպատակների իրականացումը:
15. Աշխատակազմն իր հիմնական խնդիրներին համապատասխան, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ըստ ոլորտների, իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) սոցիալ-տնտեսական ոլորտում`
ա. իրականացնում է սոցիալ-տնտեսական վիճակի վերլուծություն և համապատասխան տեղեկություններ ներկայացնում Արցախի Հանրապետության պետական նախարարին,
բ. ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահի տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների կատարումը,
գ. իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ.
2) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում`
ա. ապահովում է Արցախի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության մշակումը և դրա իրականացման ընթացքի դիտարկումը,
բ. Արցախի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններից, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից սահմանված կարգով ստանում է Արցախի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությունը,
գ. ապահովում է Արցախի Հանրապետության կառավարությանը և Արցախի Հանրապետության պետական նախարարին` Արցախի Հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերվող անհրաժեշտ տեղեկատվությամբ,
դ. քննարկում է Արցախի Հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը և ամփոփում դրանք` Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու համար,
ե. իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը,
զ. հաստատում է Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից իրականացվող իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև այդ ծրագրերում չընդգրկված միջոցառումներին տալիս է համաձայնություն,
է. ապահովում է համայնքի ղեկավարի սեփական և պետության պատվիրակված լիազորությունների ու համայնքի ավագանու լիազորությունների իրականացման նկատմամբ իրավական հսկողության իրականացումը,
ը. Արցախի Հանրապետության համայնքային բյուջեների ձևավորման և կատարման ընթացքում իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիազորություններ,
թ. դիտարկում է Արցախի Հանրապետության համայնքների բյուջեների կատարման ընթացքը,
ժ. տեղական ինքնակառավարման մարմինների պահանջով, սահմանված կարգով տալիս է սեփական և պատվիրակված լիազորությունների հետ կապված պաշտոնական պարզաբանումներ և խորհրդատվություններ,
ժա. իրականացնում է իրավական հսկողություն շրջանների վարչակազմերի ղեկավարների ընդունած որոշումների նկատմամբ.
3) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ոլորտում`
ա. ապահովում է Արցախի Հանրապետության պետական նախարարի գործունեության ամենօրյա լուսաբանումը (այդ թվում` համացանցի միջոցով),
բ. իրականացնում է զանգվածային լրատվության միջոցների հետ ամենօրյա աշխատանք, օրվա մամուլի, հեռուստառադիոհաղորդումների լրաքաղ և դիտարկում,
գ. արտասահմանյան երկրների մամուլի և լրատվության միջոցներին ապահովում է Արցախի Հանրապետության պետական նախարարի գործունեությանը վերաբերվող նյութերով,
դ. համագործակցում է տարբեր գերատեսչությունների լրատվական ծառայությունների հետ,
ե. Արցախի Հանրապետության պետական նախարարի ելույթների, ուղերձների նախապատրաստման համար ապահովում է անհրաժեշտ նյութերն ու տեղեկատվությունը,
զ. կազմակերպում է հասարակայնության հետ կապի ապահովումը` զանգվածային լրատվության միջոցներում քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության պետական նախարարին ուղղված հարցերին և բարձրացված ահազանգերին արձագանքումը.
4) փաստաթղթաշրջանառության ապահովման ոլորտում`
ա. իրականացնում է Արցախի Հանրապետության պետական նախարարի գործավարության կազմակերպումը,
բ. ապահովում է աշխատակազմ մտնող պաշտոնական փաստաթղթերի և քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների ընդունումը, գրանցումը, ըստ անհրաժեշտության վերահասցեագրումը, ինչպես նաև պատասխան գրությունների առաքումը համապատասխան գերատեսչություններին,
գ. կազմակերպում է Արցախի Հանրապետության պետական նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունը, ինչպես նաև նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկումը, վերլուծումն ու ամփոփումը` պարբերաբար Արցախի Հանրապետության պետական նախարարին տեղեկացնելով դիմումների վիճակի մասին,
դ. կազմում է ամենամսյա վերլուծական տեղեկանք` աշխատակազմ մտնող փաստաթղթերի շարժի, դրանցում բարձրացված հարցերի բնույթի վերաբերյալ.
5) իրավական սպասարկման ոլորտում՝ կազմակերպում է աշխատակազմի գործունեության իրավական ապահովումը, ինչպես նաև իրականացնում է այլ լիազորություններ:
4. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
16. Աշխատակազմի կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության պետական նախարարը, իսկ ղեկավարումը` աշխատակազմի ղեկավարը` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
17. Արցախի Հանրապետության կառավարությունը`
1) վերակազմակերպում և դադարեցնում է աշխատակազմի գործունեությունը.
2) հաստատում է աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
3) որոշում է աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը:
18. Արցախի Հանրապետության պետական նախարարը`
1) իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և կառավարություն.
3) արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ պետական նախարարի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում պետական նախարարի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
5) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
6) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է պետական նախարարի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
7) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում պետական նախարարի աշխատակազմի ղեկավարի, պետական նախարարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև պետական նախարարի աշխատակազմի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
8) վերահսկողություն է իրականացնում պետական նախարարի աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
9) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական նախարարի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
10) Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում աշխատողների թիվը.
11) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շնորհում է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
11.1) սահմանում և շնորհում է պետական նախարարի պարգևներ.
12) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։
(18-րդ կետը լրաց. 12.10.2018 N 834-Ն)
19. Աշխատակազմը ղեկավարում է աշխատակազմի ղեկավարը, որը պաշտոնում նշանակվում և ազատվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից:
Պետական նախարարը պատասխանատու է աշխատակազմի առջև դրված խնդիրների և գործառույթների պատշաճ կատարման համար, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
20. Աշխատակազմի ղեկավարը`
1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Արցախի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` վերը նշված գործողություններն իրականացնելու համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Արցախի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Արցախի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
5) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է պետական նախարարի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
6) oրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
7) պետական նախարարի հաստատմանն է ներկայացնում պետական նախարարի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է պետական նախարարի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, պետական նախարարի հաստատմանն է ներկայացնում պետական նախարարի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
8) պետական նախարարին է ներկայացնում առաջարկություններ պետական նախարարի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
9) կազմակերպում է բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցներից ծախսերի կատարումը.
10) կազմակերպում է քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
11) վերահսկում է պետական նախարարի աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
12) պետական նախարարի ստորագրությանն է ներկայացնում պետական նախարարի հրամանները.
13) ապահովում է համագործակցությունը Արցախի Հանրապետության պետական իշխանության այլ մարմինների աշխատակազմերի հետ.
14) կազմակերպում է պետական նախարարի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
5. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
21. Աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից նրա տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից: Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ աշխատակազմին կարող են վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի տիրապետման իրավասություն:
22. Արցախի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ հետ վերցնելու աշխատակազմին հանձնված գույքը:
23. Աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու և տիրապետելու իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները): Աշխատակազմն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող է տնօրինել (օտարել, վարձակալության տալ) իրեն հանձնված գույքը և գույքային իրավունքները:
6. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
24. Աշխատակազմն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում ֆինանսական, բյուջետային, հարկային, պարտադիր վճարների մասին ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
25. Աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
26. Աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի վարիչը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
7. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
27. Աշխատակազմի կառուցվածքը ներառում է ստորաբաժանումները, որոնք իրենց գործառույթներն իրականացնում են համագործակցելով միմյանց հետ:
Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:
28. Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները կազմակերպում ու ղեկավարում են ստորաբաժանումների գործունեությունը, իրականացնում են ստորաբաժանման աշխատողների միջև աշխատանքի բաշխումը, ապահովում աշխատանքային կարգապահությունը և պատասխանատու են իրենց առջև դրված խնդիրների իրականացման համար:
Աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարը կարող է մասնակցել Արցախի Հանրապետության պետական նախարարի մոտ անցկացվող խորհրդակցություններին:
8. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
29. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
(Հավելված N 1 լրաց. 12.10.2018 N 834-Ն)